Աբխազիան մտադիր չէ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Աբխազիան մտադիր չէ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Աբխազիան մտադիր չէ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան`մեկնաբանելով Հարավային Օսեթիայում կայանալիք հանրաքվեն Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Նա ասել է, որ Սուխումն այդ օրինակին չի հետևի: «Աբխազիայի պարագայում իրավիճակն այլ է»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ցխինվալի դրդապատճառները հասկանալի են: Օսերը բաժանված ժողովուրդ են, մի մասն ապրում է Ռուսաստանում, մյուսը` Հարավային Օսեթիայում: Ուստի միավորվելու ցանկություն կա: Մեր պարագայում իրավիճակն այլ է: Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել, հազարավոր աբխազներ իրենց կյանքն են տվել հանուն դրա»,-ասել է Աբխազիայի վարչապետը:

Հանրաքվեն Հարավային Օսեթիայում տեղի կունենա 2017-ին` համաձայն հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլիովի և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հայտարարության:

Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանից անկախություն են հռչակել 2008-ի օգոստոսին` Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված հակամարտությունից հետո: Ռուսաստանը ճանաչել է հանրապետությունների ինքնիշխանությունը 2008-ի օգոստոսի 26-ին: Մոսկվայում բազմիցս են նշել, որ այդ որոշումը լիովին արտացոլում է ընթացիկ իրողություններն ու վերանայման ենթակա չէ: Ռուսաստանից բացի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ ևս 3 երկիր` Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Վերոնշյալ հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ ունեն նաև ԼՂՀ, ինչպես նաև Մերձդնեստրի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---