ԱՄՆ-ն ավելացնում է ՀՀ-ին օգնությունը՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով

ԱՄՆ-ն ավելացնում է  ՀՀ-ին օգնությունը՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:

Խոսելով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ Մելիան ներկայացրել է 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները.

«Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաև թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը», մեջբերում է Ամերիկայի ձայնը:

2017-ին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական և իրավապահ համակարգերի զարգացման համար:

Ամերիկյան օրենսդիրներից շատերը սակայն բյուջեի լսումների ընթացքում դեռ նախատեսում են զգալիորեն ավելացնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալը: Ելույթ ունենալով լսումների ընթացքում, կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն ունի կարևոր մի հատկություն՝ մյուսների հետ կիսվելու կարևորության գիտակցում:

ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ալինա Ռոմանովսկին լսումների ընթացքում ներկայացրել է օրենսդիրներին ԱՄՆ-ի կողմից Եվրասիայի տարածքում օգնության տրամադրման չորս հիմնական ուղղությունը: Մասնավորապես, դրանք են երկրների անկախության և ինքնավարության ամրապնդումը՝ օգնելով երկրներին պաշտպանվել դրսի ճնշումներից, կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության ապահովումը, ժողովրդավարության ամրապնդումն ու խոսքի ազատության պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության ապահովումը..

Ի դեպ, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը, որը Հայաստանին հատկացվող օգնությունից ավելի քան երկու անգամ պակաս է, ուղղված է հիմնականում Ադրբեջանում ժողովրդավարության և բաց հասարակության զարգացմանը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, որոշում ընդունելիս, հաշվի է առնվել այդ ոլորտում Ադրբեջանի լուրջ հետընթացը:

2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի $5 մլն:

Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը $1.5 մլն է հատկացրել ԼՂ-ին:

Բացի այդ, ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել $40 մլն-ի, ինչպես նաև $10 մլն հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահային օգնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---