Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում կարող են սառեցվել

Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում  կարող են սառեցվել

PanARMENIAN.Net - Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում ներդրումները: Այս մասին գրում է թուրքական Haberler.com լրատվակայքը՝ գերմանական Die Welt պարբերականին հղումով:

Որպես պատճառ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ պահանջել էր քրեական գործ հարուցել մի գերմանացի երգիծաբանի դեմ՝ իրեն վիրավորելու մեղադրանքով:

Աղբյուրը խնդրի վերաբերյալ զրուցել է Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերմանիայի Առևտրա-արդյունաբերական պալատների միավորման (DIHK) արտաքին առևտրի բաժնի տնօրեն Ֆոլքեր Թրայերը 2017թ. թուրքական շուկայում գերմանական ընկերությունների տնտեսական ակնկալիքները գնահատել է «թույլ դրական», գրում է Ermenihaber.am-ը:

«Անվտանգության վիճակը խաթարեց գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությունը: Այդ պատճառով էլ նախագծերի իրականացումը հետաձգվեց»,- նշել է Թրայերը:

Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը հատկապես վնասել է միջին մեծության ընկերություններին, իսկ մեծ կազմակերպությունները կարողացել են պահպանել իրենց ներդրումային ծրագրերը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---