Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին

Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականի դեկտեմբերին: Այդ մասին է հայտնում Asbarez պարբերականը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները ֆինանսավորում են 2015-ի հունիսին մահացած ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով: Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: Դերասանների թվում են Քրիսթիան Բեյլն, Օսկար Այզեքը, Ջեյմս Քրոմվելն ու Ժան Ռենոն:

Նկարահանումներն սկսվել են 2015-ի աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Այս առնչությամբ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս խոշոր կինոֆիլմի առիթով», - գրել է Թանկյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---