ՄԱԿ. Եզդիների նկատմամբ ԻՊ գործողությունները ցեղասպանություն են

ՄԱԿ. Եզդիների նկատմամբ ԻՊ գործողությունները ցեղասպանություն են

PanARMENIAN.Net - Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի հունիսի 15-ին հրապարակած զեկույցում:

Փասթաթղթում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական եւ սովորական ստրկությունը, կտտանքները եւ այլ հանցագործություններ:

Զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: Այն փաստը, որ գրոհայինների գազանությունները կրում են պարբերական բնույթ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ ամենը իրականացվել է զոհերի՝ զուտ տվյալ էթնոկրոնական խմբին պատկանելու պատճառով, հիմք են տվել հստակ եզրակացություն տալ, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, գրում է Armtimes.com-ը:

Միաժամանակ, հանձնաժղովի կազմի մեջ մտնող փորձաձգտները գերտերություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել «Իսլամական պետության» գերության ներքո գտնվող ավելի քան 3.2 հազար եզդի կանանց ու երեխաներին ազատելու ուղղությամբ:

Բացի այդ, կոչ է արվում խմբավորման գրոհայինների գործողությունների առնչությամբ հետաքննություն սկսել Միջազգային քրեական դատարանում:

Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: Իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները:

ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ:

2016-ի հունիսի 9-ին ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Կրադացեք նաև՝ Ամալ Քլունին կպաշտպանի ԻՊ կողմից ցեղասպանված եզդիների իրավունքները

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---