Ադրբեջանական զինուժը 3 չհայտարարված կորուստ է ունեցել վերջին օրերին

Ադրբեջանական զինուժը 3 չհայտարարված կորուստ է ունեցել վերջին օրերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում է թաքցնել զինծառայողների մահվան փաստերը: Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն, հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել, հայտնում է Ռազմ.ինֆո-ն:

Կորուստների մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Աբդուլլաևը մասնավորապես նշել է, որ հունիսի 9-ի գիշերային ժամերին Ղազախի զորամասերից մեկի զինծառայող, Սալյանի շրջանի բնակիչ Աղազադե Ասիման Աբդուլլա օղլուն սպանել է համածառայակից, 1993 թ. ծնված, Ղազախի Ջանալլի գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Մուստաֆաև Էլեդդին Խալիդդին օղլուին: Այնուհետև Աղազադեն ինքնասպան է եղել:

Հունիսի 18-ին զորավարժության ընթացքում ՀՄՄ-ի տակ մնացած և մահացած ավագ լեյտենանտը ծնվել էր 1989 թ., Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանի Թալիշ գյուղում (գտնվում է Ադրբեջանի արևմուտքում, չպետք է շփոթել Արցախի Մարտակերտի շրջանի համանուն հայկական գյուղի հետ):

Ավագ լեյտենենատ Ռահիմ Ալիևի մահվան լուրը հաստատել են նաև նրան անձամբ ճանաչող ընկերները, սակայն նշվում է, որ լուրը հայտնած համածառայակիցներն իրենք էլ չեն տեսել ՀՄՄ-ի տակ մնալու պահը և չեն կարող ստույգ հաստատել սպայի մահվան պատճառը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի շոշափելի մարտական կորուստների վերաբերյալ նոր ապացույցներ են հայտնվել: Մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները: Bellingcat հանդեսը գնահատում է ադրբեջանական կորուստները 400-500 զոհվածի միջակայքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---