Ալիև. Ստատուս քվոն պետք է փոխել

Ալիև. Ստատուս քվոն պետք է փոխել

PanARMENIAN.Net - Հարկավոր է փոխել ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության իրավիճակում, սակայն դրա համար հարկավոր է դուրս բերել հայկական զորքերը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարել է Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, մենք լիովին սատարում ենք այդ հայտարարությանը»,-ասել է Ալիևը:

Սակայն ստատուս քվոն փոխելու համար, պետք է դուրս բերել հայկական զորքերը, ասել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, որ երախտապարտ է ՌԴ նախագահին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման կազմակերպման համար: Նա նշել է նաև Ռուսաստանի կառուցողական դերը ղարաբաղյան կարգավորման հարցում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպմանն ասել էր, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների համար:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ի թիվս ՄԽ համանախագահ երկրների, այն ըմբռնման և ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք հարցի լուծման համար»,-ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Սակայն, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ այդպիսի հարցերը չեն լուծվում: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջխաղացում ունենալ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել` այսինքն, ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտւմների հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցելու համար»,-հավելել է ՀՀ նախագահը:

Սանկտ Պետերբուրգում նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև. ԼՂ հակամարտության գոտում միջազգային դիտորդների քանակը կավելանա, եռակողմ հանդիպումները կշարունակվեն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---