Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճում է

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճում է

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:

«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Այսօրվանից վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարի խոսքով` այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:

Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:

«Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, մթերման գործընթացը հաջող է ընթանում, այս պահին մթերման գինը 500 դրամ է, նախատեսում են կրկնապատկել նախորդ տարվա մթերումների քանակները:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Ինչպես նախորդ տարիներին, հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ: Համլետ Թադևոսյանը նաև նշել է, որ ընկերությունում արդեն գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Այստեղ կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր և կոմպոտներ`Ռուսաստանի Դաշնություն և Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրել էր, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերման գործընթացը: Հունիսի 22-ից մթերումը սկսվել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումը կսկսի իրականացնել Երևանի «Արարատ սննդի կոմբինատ»-ը: Հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ»-ը՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---