Արթիկում սելավի վնասը գնահատվում է, տուժած բնակիչներին օժանդակություն կհատկացվի

Արթիկում սելավի վնասը գնահատվում է, տուժած բնակիչներին օժանդակություն կհատկացվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և , տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել են Արթիկ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Կառավարության անդամներն եղել են հեղեղից տուժած թաղամասերում, մանկապարտեզում ու դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը զրուցել է հեղեղի պատճառով տուժած քաղաքացիների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը բնակիչների կողքին է և պատշաճ ձևով օժանդակություն կհատկացնի: Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի:

Այցի ավարտին վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արթիկի քաղաքապետարանում, որի շրջանակում հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ ըստ անհրաժեշտության լրացուցիչ ուժեր ներգրավելու և աշխատանքներն արագ ավարտելու համար:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է:

Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք: Փրկարարները տարահանել են բնակիչների ու անասունների:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---