Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ

Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է այնպիսի քայլերի դիմել, որոնք կարող են փոխել Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը: Ամբողջ հակամարտության ընթացքում Անկարան սատարել է սիրիացի ապստամբներին, որոնք կռվում են կառավարական բանակի դեմ, սակայն ներքին խնդիրները դրդում են Թուրքիային փոխզիջումներ որոնել սիրիական ճգնաժամի մյուս մասնակիցների, օրինակ, Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Financial Times-ը:

Թուրքիան մտադիր է նվազեցնել թիրախների քանակը Սիրիայում` Անկարան առաջին հերթին քրդերի դեմ կպայքարի և կփորձի թուլացնել ԻՊ-ին, կարծում է Վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ահարոն Սթեյնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ 2 նպատակի իրականացման համար Անկարային հարկավոր է Մոսկվայի աջակցությունը, ուստի թուրքական կողմը պատրաստ է հրաժարվել Սիրիայում ռեժիմի փոփոխության իր պահանջից: Այդ մասին, ըստ փորձագետի, վկայում է ափսոսանքի նամակը, որը Թուրքիայի նախագահ էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին: Անկարան հասկացրել է դրանով, որ կարող է մեղմացնել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Անկարան արդեն քննարկում է քրդական հարցը Սիրիայի ռեժիմի հետ կապի փակ կանալով` Ալժիրի միջոցով:

Բացի այդ, թուրքական կողմը հանդիպում է կազմակերպել, որին հրավիրվել են սիրիական ընդդիմության և Մոսկվայի ներկայացուցիչները:

«Կլինեն փոխզիջումներ և զիջումներ քրդերի և ապստամբների մասով: Սակայն թուրքերն ամբողջությամբ չեն հրաժարվի ընդդիմությունից, դա նրանց շահերից չի բխում»,-հայտարարել է «Ֆաստակիմ Քամա Ումիրտ» խմբավորման առաջնորդ Եզեդդին ալ Սալամեհը:

«Հնարավոր է Ասադն անցումային շրջանում պահպանի պաշտոնը, սակայն դա նաև կարող է նշանակել, որ Թուրքիան կվերադառնա չափավոր ընդդիմությանը»,-ասել է Սիրիայի աշխարհիկ ընդդիմության հրամանատարներից մեկը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---