Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն

Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա ընդհանուր առմամբ կծախսի մոտ €100 մլն, երբ հաստատվեն ֆուտբոլիստի հետ պայմանագրի բոլոր կետերը, հայտնում է Goal-ը:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ակտիվ բանակցությունների արդյունքում «Բորուսիան» ընդունել է Մխիթարյանի ցանկությունը՝ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջորդ խաղաշրջանում: «Մանչեսթերը» շատ գրավիչ առաջարկ է արել, հրաժարվելու դեպքում մենք կզրկվեինք Մխիթարյանից 2017 թվականին առանց փոխհատուցման», - մեջբերում է ակումբի պաշտոնական էջը Facebook-ում տնօրեն Վացկեի խոսքերը:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս:

Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Նախորդ խաղաշրջանում ֆուտբոլիստը գերմանական ակումբում 52 հանդիպման է մասնակցել, 23 գոլ է իրացրել և 32 արդյունավետ փոխանցում կատարել: Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանը 59 հանդիպման է մասնակցել և 19 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---