Նախագիծ. Պետությունն ամբողջությամբ կհոգա արտերկրում բուժվող զինծառայողին ուղեկցողի ծախսերը

Նախագիծ. Պետությունն ամբողջությամբ կհոգա արտերկրում բուժվող զինծառայողին ուղեկցողի ծախսերը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 7-ի օրակարգում ընդգրկվել է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում որոշ հստակեցումներ կատարելու հարցը: Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգին:

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կարգավորումները «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Ըստ գործող կարգի, զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

Կառավարության որոշմամբ պետք է սահմանվի ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ պետք է սահմանվի այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները:

Որոշման նախագծում ասվում է, որ «առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով»: Ուստի առաջարկվում է հանել «50 տոկոսի չափով» ձևակերպումը:

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում՝ ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---