Yandex.Taxi-ի ու ggTaxi-ի հետ կապված հարցերը՝ Հանրային խորհրդում

Yandex.Taxi-ի ու ggTaxi-ի հետ կապված հարցերը՝ Հանրային խորհրդում

PanARMENIAN.Net - Հանրային խորհուրդը տաքսի ծառայությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է տաքսի ծառայության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ շուկայում Yandex.Taxi ու ggTaxi ընկերությունների աշխատանքը:

Տաքսի ընկերությունների ղեկավարները խնդրահարույց են համարել ggTaxi ընկերության գործունեությունը` նշելով, որ ընկերությունն, ըստ էության, իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, սակայն գործում է` իբրև բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն` զերծ մնալով տաքսի ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումներ կատարելուց և դրանով իսկ ոլորտում շահեկան դիրքեր զբաղեցնում: ggTaxi ղեկավարն իր հերթին պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը: Ինչ վերաբերում է իրենց ընկերության հաջողություններին, ապա ընկերության ղեկավարը դա պայմանավորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, նոր չափորոշիչների սահմանման և որակյալ ծառայությունների մատուցման փաստով: Այնուամենայնիվ, նա առաջարկել է միասին քննարկել տաքսի ընկերություներին հուզող հարցերն ու հանդես գալ միասնական առաջարկներով:

Yandex.Taxi գործունեության առնչությամբ ներկաները փաստել են, որ ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, և դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինը ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը 400 դրամ տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ իր հերթին է կարծիք հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն` ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից:

Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է 2011-ին: Երևանից բացի, այն գործում է ՌԴ 20 քաղաքում և Մինսկում: Նպատակ կա նման ծառայություններ գործարկել նաև Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում: Ընդհանուր առմամբ Yandex.Taxi-ին միացել է ավելի քան 70.000 ավտոմեքենա մոտ 500 կարգավարական կետից ու տաքսու ծառայությունից: Երևանում ընկերությանն առայժմ միացել է մոտ 250 մեքենա:

Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է հնարավոր դեմպինգի հարցը: Վերջինս պատասխանել է, որ քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող:

Քննարկմանը ներկա չի եղել միայն «Յանդեքսի» ներկայացուցիչը քննարկմանը ներկա չի եղել՝ ընկերության հետ կապ հաստատել չի հաջողվել:

Քննարկվել է նաև տաքսի ծառայությունների՝ անհավասար օրենսդրական դաշտում գործելու խնդիրը. ըստ ծառայությունների ներկայացուցիչների, ոմանք գործում են հարկային դաշտում, ոմանք՝ ոչ: Այն, որ ոլորտում անհավասար մրցակցություն կա, ընդունել են նաև պետական պաշտոնյաները` այդ թվում նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամը, ինչին ի պատասխան տաքսի ծառայության ընկերությունների ներկայացուցիչները կրկին պահանջել են հարցն անհապաղ կարգավորվել:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը ևս ընդունել է, որ անհավասար մրցակցային պայմանների խնդիր կա, որը նախևառաջ դրսևորվում է 10 հազար լիցենզավորված 20-30 հազար չլիցենզավորված տաքսիների առկայությամբ: Միաժամանակ նա հավելել է, որ կառավարությունը գնացել է առավելագույնս պարզեցված ձևով գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու ճանապարհով` փորձելով լուծել սոցիալական խնդիր: Սակայն, դա իր հերթին նվազեցրել է ոլորտում անվտանգության ապահովման և վերահսկողության իրականացման հնարավորությունները:

Կարդացեք նաև. Yandex.Taxi-ն Երևանում գործարկման օրը հայկական AppStore-ի ամենապահանջված հավելվածն էր

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---