Bloomberg. Նույնիսկ կրկնակի արժեզրկումից հետո ադրբեջանական մանաթը դեռ չի հասել «հատակին»

Bloomberg. Նույնիսկ կրկնակի արժեզրկումից հետո ադրբեջանական մանաթը դեռ չի հասել «հատակին»

PanARMENIAN.Net - Էներգառեսուրսների գների աճը նպաստում է հումքային արտահանմամբ զբաղվող երկրների արժույթներին, սակայն, ադրբեջանական մանաթը հոսանքին հակառակ է գնում` շարունակելով արժեզրկվել: Այսպիսի եզրակացության են եկել Bloomberg.-ի վերլուծաբանները, հայտնում է Haqqin.az-ը:

Վերլուծաբանները նշում են, որ 2015-ին երկու արժեզրկումների արդյունքում նույնիսկ դոլարի հանդեպ ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելով, ադրբեջանական մանաթը դեռ չի հասել անկման «հատակին»: «Հունիսը վատագույնն էր այդ արժույթի համար 2016-ի հունվարից ի վեր, երբ ճգնաժամը նավթի շուկաներում ամենաթեժ փուլում էր»,-ասվում է վերլուծության մեջ:

«ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում նավթի արտահանմամբ մեծությամբ երրորդ արժութային շուկան չի կարողանում կայունանալ. նավթադոլարների հոսքը չի բավարարում ֆիզիկական անձանց ու բանկերի կարիքները ծածկելու համար»,-ասվում է վերլուծության մեջ:

«Մանաթի կայուն վերականգնման համար հիմնական խոչընդոտն ավանդների դոլարացման բարձր աստիճանն է»,-ասել է ING Groep NV ՌԴ և ԱՊՀ գծով գլխավոր տնտեսագետ Դմիտրի Պոլևոյը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր գործարարները 2015-ին խոշոր գումարներ են վաստակել ազգային արժույթի արժեզրկման ժամանակ: Այդպիսի եզրակացության է եկել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP):

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---