Բունդեսթագի պատգամավորներ. Զինվորները պիտի հեռանան «Ինջիրլիքից»՝ Անկարան խանգարում է ավիաբազա մեր այցին

Բունդեսթագի պատգամավորներ. Զինվորները պիտի հեռանան «Ինջիրլիքից»՝ Անկարան խանգարում է ավիաբազա մեր այցին

PanARMENIAN.Net - Գերմանացի որոշ օրենսդիրներ հուլիսի 10-ին հայտարարել են, որ երկրի զինվորները, որոնք գտնվում են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, պետք է վերադառնան հայրենիք, քանի որ Անկարան շարունակում է խոչընդոտել խորհրդարանականների այցին ավիաբազա, հայտնում է Tert.am-ը Reuters-ի վրա հղումով:

Հունիսի 23-ին Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։:

Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորհրդարանականներին պետք է թույլ տրվի այցելել ավիաբազայում գտնվող 250 զինվորներին, որոնք մասնակցում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին, բայց նա, այնուամենայնիվ, չի սպառնացել հետ կանչել զինվորներին:

Եվրոպա զանգվածային ներգաղթի ալիքը կանգնեցնելու ջանքերում կարևոր գործընկերներ հանդիսացող Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են եղել վերջին ամիսներին: Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է գերմանական հեռուստատեսությամբ իր մասին երգիծական երգի հեռարձակումը, և նա ապրիլին դատական գործընթաց է սկսել այդ երգը գրած երգիծաբանի դեմ: Հունիսին ընդունված հայկական բանաձևը, որի պատճառով Անկարան հետ է կանչել իր դեսպանին, է՛լ ավելի է վատթարացրել իրավիճակը:

Գերմանիայի ընդդիմադիր Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, որը թուրքական ծագում ունի, հայտնել է ARD հեռուստաալիքին, որ իրավիճակն անընդունելի է: «Որպես օրենսդիրներ, ովքեր զինվորներ են ուղարկում տարբեր տեղեր, մենք պետք է իմանանք՝ որտեղ են նրանք, ինչպես են նրանք և կարողանանք խոսել զինվորների հետ: Եթե դա հնարավոր չէ Թուրքիայում, ապա զինվորները պետք է վերադառնան Գերմանիա»,- ասել է նա:

Այն հարցին, թե արդյոք կքննարկվի՞ «Ինջիրլիքից» զորքերը դուրս բերելու հարցը, եթե ոչ մի համաձայնություն ձեռք չբերվի` Մերկելը պատասխանել է, որ նա կենտրոնանում է բանակցելու միջոցով հարցը լուծելու վրա:

«Պետք է ճանապարհ գտնել, որպեսզի օրենսդիրները կարողանան այցելել զինվորներին: Մենք պետք է շարունակենք աշխատել դրա վրա, լուծում դեռ չկա»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ միջադեպին արձագանքել էր «Սոցիալ-Քրիստոնեական միություն» կուսակցության ներկայացուցիչ, Դաշնային խորհրդարանի արտաքին և անվտանգության քաղաքականության պատասխանատու Ֆլորիան Հահնը: Հահնը, որը հաշվարկված սադրանք է անվանել Թուրքիայի այս քայլը, հայտարարել է, որ իրենք իրենց կործանիչները տեղակայելու համար պետք է այլընտրանք փնտրեն Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազային և որպես ամենահավանական տարբերակ նշել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող ռազմաբազայի օգտագործումը:

Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը` անհրաժեշտ համարելով համարժեք պատասխան քայլ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Գերմանիայի Կանաչների կուսակցության պաշտպանության ոլորտի փորձագետ Թոբիաս Լինդներն ևս արտահայտվել է Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվելուց հրաժարվելու մտքի օգտին:

Ընթերցեք նաև. Գերմանիայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազա մուտքի արգելքին. Տեղակայման այլընտրանք պետք է փնտրենք

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---