Ապրիլյան պատերազմի ընթացքում մոտ 30 ծանր վիրահատություն կատարած վիրաբույժը պարգևատրվել է

Ապրիլյան պատերազմի ընթացքում մոտ  30 ծանր վիրահատություն կատարած վիրաբույժը  պարգևատրվել է

PanARMENIAN.Net - ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բուժօգության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանը պարգևատրվել է նախարարության հուշամեդալով:

Հմուտ վիրաբույժին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացրել է մոտ 30 ծանր վիրահատություն:

Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին:

Սամվել Գևորգյանը 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը: Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում:

Բացի հուշամեդալի հանձնումից, հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին: Հանդիպման առանցքում էին բժշկական օգնության աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր:

Մուրադյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարել է նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Մուրադյանը և Աթայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր:

Նպատակ ունենալով պահպանել և բարելավել Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հնարավորության ստեղծում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---