ՀՀ-ում մահվան յուրաքանչյուր դեպքի պատճառը սրտանոթային հիվանդությունն է

ՀՀ-ում մահվան յուրաքանչյուր  դեպքի պատճառը սրտանոթային հիվանդությունն է

PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալներով մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս մասին տեղեակցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը առողջապահական համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Ծրագրի շնորհիվ արդեն մոտ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։

«Stent for life ծրագիրը բավական լավ հնչեղություն է ստացել բնակչության շրջանում»,- ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնող 11 բժշկական կազմակերպության ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով սրտաբանության ոլորտում խնդիրների վրա։

Նշվել է, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։

«Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։ Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման»,-շեշտել է նախարարը։ Նա բոլորին հորդորել է առավել խորությամբ վերլուծելով գնահատել իրավիճակը և մատչելիության ապահովման ուղղությամբ համապատասխան առաջարկներ ներկայացնել։

Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ, մասնավորապես` հարևան Վրաստան մեկնելու միտում է նկատվում։

Մուրադյանը նշել է, որ մատչելիության ապահովումը բխում է առաջին հերթին բժշկական կազմակերպությունների շահերից։ Փաստ է, որ այսօր երկրում նման ծառայության մեծ պահանջարկ կա։ Սակայն մատչելիության պատճառով հիվանդների թվի նվազեցման արդյունքում մասնագետների արտահոսք կարձանագրվի։ Մինչդեռ ճկուն կառավարման, գների իջեցման շնորհիվ մեծացնելով հիվանդների հոսքը` կնվազեն բուժհիմնարկների հաստատուն ծախսերը։

Նախարարության համապատասխան ստորաբաժիններին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Ակնկալվում է, որ թե՛ բուժհիմնարկները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը։

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի համապատասխան հրամանով հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման չափորոշիչը։

Ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500 մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500 մլն դրամով:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում 2015-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015-ի 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են:

Հայրապետյանը նկատել է, որ մահացության 3.2% ցուցանիշըգրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---