Նախարար. Զոհված զինվորների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը պատրաստ է

Նախարար. Զոհված զինվորների ընտանիքներին  կայուն եկամտով ապահովելու ծրագիրը պատրաստ է

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրն արդեն պատրաստ է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հուլիսի 15-ին կտեղադրվի էկոնոմիկայի նախարարության կայքում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել էր մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:

Մինասյանը նշել է, որ խոսքը միայն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մասին չէ, այլ՝ ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների: Պարզապես այժմ առաջնահերթ են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքերով՝ ծրագրի մեջ ներգրավված են նաև պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման զարգացման նախարարությունները, այլ պետական կառույցներ: «Նպատակը հետևյալն է՝ այս ընտանիքներում բացահայտել անձանց, ովքեր ի վիճակի են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, իսկ եթե չունեն համապատասխան կրթություն, ապա ապահովել պայմանների ամբողջական տրամադրում, դրանք կարող են լինել սարքավորումների, կոնկրետ գումարի, պայմանագրերի կնքման տեսքով: Այսինքն՝ բոլոր մեխանիզմները կիրառվելու են, որպեսզի առաջին հերթին ապահովեն անձանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- պարզաբանել է Մինասյանը:

Ըստ նրա՝ եթե այդ մարդիկ չեն կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ապա նրանց կառաջարկվի որպես բաժնետեր հանդես գալ տարբեր ձեռնարկություններում, որպեսզի նրանք կարողանան մշտական եկամուտ ունենալ:

Նախատեսում են, որ ծրագրին պետական միջոցներից բացի ներդրումներ արվեն մասնավոր հատվածի կողմից: «Իհարկե, հիմնական բեռը բյուջեի վրա է լինելու, բայց առաջարկելու ենք, որ այն անձինք, կազմակերպությունները, ովքեր 10 մլն և ավելի դրամ կփոխանցեն այս ծրագրին, իրենք կամ իրենց ներկայացուցիչները կընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ և կկայացնեն համապատասխան որոշումները՝ այս կամ այն անձի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է Մինասյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա համար մոտ 500 մլն դրամի ծախս են նախատեսում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---