Թուրքիայում հեղաշրջման փորձի հետքերով ձերբակալվածների թիվը մոտենում է 3000-ի (Թարմացվող)

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետքերով ձերբակալվածների թիվը մոտենում է 3000-ի  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:

PanARMENIAN.Net ը շարունակում է հետևել Թուրքիայում զարգացումներին:

16:20 Թուրքիայում ձերբակալված է 2839 մարդ, հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով վարչապետ Յըլդըրըմին:

16:01 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հեղաշրջման փորձը, նշելով, որ « Թուրքիայում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար»

15:32 Հայաստանից Թուրքիա մեկնող ավտոբուսները կասեցնում են ուղևորությունները:

15:28 Շըրնաքում 300-ից ավել թուրք զինվոր է ձերբակալվել. նրանց թվում են կապիտաններ և մայորներ, հայտնում է Hurriyet-ը:

15:09 Թուրքիայում պետական հեղաշրջման մասնակիցների թվում է Սու-24-ը խոցած օդաչուն, հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեքը:

15:00 Անկարայի մերձակայքում հերթական ռազմական ուղղաթիռն է խոցվել, հայտնում է Reuters գործակալությունը:

14:36 Խռովարարները գրավել են ռազմանավ, որի վրա գտնվում է նավատորմի հրամանատարը:

14:17 Թուրքական ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի մերձակայքում: 8 զինվորականներ հանձնվել են հույն իրավապահներին ու քաղապաստան հայցել:

14:06 Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվն, այսպիսով, հասել է 265-ի:

13:20 Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Այդ մասին է հայտարարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մյուեզինօղլուն, հայտնում է BBC-ն:

13:17 Գլխավոր շտաբում գտնվող մոտ 150 ապստամբ զինվորական բանակցություններ են վարում իշխանությանը հավատարիմ ուժերի հետ հանձնվելու վերաբերյալ, հայտնում է Anadolu-ն: Ըստ վարչապետ Յըլդըրըմի, հեղաշրջումը «90%-ով» ճնշված է:

13:04 Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները ուժեղացրել են վերահսկողությունը:

12:39 Ըստ «Անադոլու» պետական գործակալության, հեղաշրջման փորձի հեղինակը պաշտոնաթող գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է: Ընդհանուր առմամբ, կազմակերպիչները 37-ն են:

12:29 «Հիզմեթ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենը հերքում է հեղաշրջման փորձին իր որևէ առնչությունը:

12:20 Guardian-ի փոխանցմամբ, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ումիտ Դունդարը հայտնել է, որ սպանվել է 104 խռովարար: Նա նշել է, որ նոր հայտնած տվայլները չեն ներառում ավելի վաղ հայտարարված 90 զոհին, ներառյալ 47 խաղաղ բնակիչներին, զոհերի թիվն այսպիսով հասավ 194-ի: Ապստամբների մեծ մասը ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ են. նրանք առևանգել են մի շարք բարձրաստիճան զինվորականների:

11:37 Մի շարք երկրների ու կառավարությունների, ԵՄ, ՄԱԿ ու ՆԱՏՕ-ի ղեկավարները Թուրքիայում կայունությունը վերականգնելու կոչ են արել: Եվրամիությունը չի բացառել, որ կատարվածը կարող է կրիտիկական հետևանքներ ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում, փոխանցում է «ՌԻԱ-Նովոստին»:

11:19 Թուրքիայում Կարմիր խաչի նախագահ Քերեմ Քիրինքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հեղաշրջման փորձի ընթացքում 100 մարդ է սպանվել: Ըստ նրա, Անկարայում հոսպիտալացվել է 800 մարդ, Ստամբուլում՝ 200:

11:13 ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ, նախնական տեղեկություններով ‪Թուրքիա‬յում իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այդ երկրում տուժած ՀՀ քաղաքացիների համար նախարարությունում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:

11:03 Քաղաքական երեք կուսակցության առաջնորդները շաբաթ ցերեկը ելույթ կունենան Թուրքիայի խորհրդարանում:

10:54 Զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է 90-ի, փոխանցում է Anadolu-ն: Եվս 1154 մարդ վիրավոր է:

10:33 Ստամբուլում Turkish Arlines-ի ներկայացուցիչները հայտաարել են, որ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը վերականգնել է աշխատանքը, փոխանցում է ABC News-ը:

Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ փոխվարչապետ Քուրթուլմուշը հայտարարել էր հարյուրավոր վիրավորների մասին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է հեղաշրջման մասնակից 1563 մարդու ձերբակալության մասին՝ չբացառելով, որ այդ թիվը դեռ կաճի, հայտնում է Ermenihaber-ը:

Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են կառավարական ուժերի ճնշմանը: Նշվում է, որ 50 հոգի արդեն հանձնվել է: Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են ոստիկաններին:

Անհայտ է մնում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ճակատագիրը. Ավելի վաղ հայտնել էին, որ մի խումբ զինվորականների կողմից նա պատանդ է վերցվել: Վարչապետ Յիլդիրիմը հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին: Փոխվարչապետ Քուրթուլմուշը վստահեցրել է, որ մի քանի ժամից ամբողջ վտանգը կչեզոքացվի: Ստամբուլի և Անկարայի որոշ տեղերում ապստամբ ուժերը շարունակում են լոկալ բնույթի փոքր մարտերը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր ուժերին ճգնաժամային իրավիճակում դեմոկրատական ուղուն հավատարիմ մնալու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ խստագույնս կպատժվեն բոլոր նրանք, որոնք մասնակցություն են ունեցել ռազմական հեղաշրջմանը: Էրդողանը կատարվածը բնորոշել է որպես ազգային միասնությունը պառակտելու փորձ և կրկին մեղադրանքը հասցեագրել գյուլենականներին: Խորհրդարանը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի:

Ընթերցեք նաև. Թուրքիայում հեղաշրջման փորձ է, զինվորականների, բնակչության և ցուցարարների բախումներ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---