«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մինչև 19:00-ն կպատասխանեն ԱԱԾ պահանջներին

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մինչև 19:00-ն կպատասխանեն ԱԱԾ պահանջներին

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատրաստ են պատասխանել ԱԱԾ պահանջներին մինչև 19:00-ն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«ԱԱԾ և «Հիմնադիր խորհրդարանի» բանակցություններն անցնում են իմ անմիջական մասնակցությամբ: Նախօրեին ես փոխանցել եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ԱԱԾ պահանջները, որոնց նրանք պատրաստ են պատասխանել երեկոյան»,-ասել է Ենիգոմշյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ենիգոմշյանը հրաժարվել է ներկայացնել ԱԱԾ հիմնական պահանջները: Ըստ նրա, նախնական պայմանավորվածության հասնելուց, ինչպես նաև իշխանությունների առաջարկները քննարկելու պատրաստակամության մասին խմբի անդամների հայտարարությունից հետո, ոստիկանության գնդի տարածքում գտնվող մարդիկ ամբողջությամբ զրկվել են կապի բոլոր միջոցներից:

Ալեք Ենիգոմշյանին չի հաջողվել «Սասնա ծռեր» խմբավորման հետ հեռախոսակապ հաստատել: «Այս ընթացքում ես համապատասխան կողմից ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն»,-Էրեբունիի ՊՊԾ շենքի մոտ լրագրողներին է ասել Ալեք Ենիգոմշյանը։ Նա հավելել է, որ անկեղծորեն շատ գոհ է դրանից, հայտնում է «Ա1+»-ը:

«Եթե բանակցությունները խզված չեն, ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող, լարվածությունն ավելացնող քայլեր չի լինի»,-շեշտել է Ենիգոմշյանը։

Անդրադառնալով հեռախոսակապ հաստատելու հարցին` նա ասել է, որ չի խոսել խմբավորման մասնակիցների հետ, սակայն, սպասում է, որ «տղաների հետ հեռախոսակապը հաստատվի»։ «Պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի»,-ասել է Ենիգոմշյանը:

«Նման պայմաններում անհնար է բանակցել, եթե կես ժամվա ընթացքում կապը չվերականգնվի, մենք կհամարենք, որ իշխանությունները միակողմանի կարգով դադարեցնում են բանակցությունները»,-ասել է Ենիգոմշյանը:

Նա նշել է, որ մինչ օրս բանակցությունները նորմալ են ընթացել, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» բոլոր անդամներն իր միջոցով համաձայնեցնում են գործողությունները Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---