Նախագահ. Մեր քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու ծայրահեղականությունը

Նախագահ.  Մեր քաղաքակրթությանը դեմ են  բռնությունն  ու ծայրահեղականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ինչպես նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ ուսումնառության այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:

Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է:

«Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի:

Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է: Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով, այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը:

«Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան», - եզրափակել է նախագահը:

Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---