Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը՝ Ծաղկաձորում

Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը՝ Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նրա խոսքով, յուրաքանչյուր թատերախումբ բացման արարողությանը որպես նախաբան կներկայացնի մի հատված սեփական ներկայացումից։

Դադասյանն ընդգծել է, որ 2016-ին ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը, որի շրջանակում օգոստոսի 11-ին առաջին անգամ նախատեսվում են դերասանների ելույթներ նաև Դիլիջանում. գրում է Նովոստի Արմենիան:

2016-ին Մնջախաղի փառատոնին կմասնակցեն դերասաններ և թատերախմբեր ութ երկրից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից: Նախատեսված են պարային և ակրոբատիկ ներկայացումներ, վարպետության դասեր, ինչպես նաև միջազգային կոնֆերանս` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոհանովիչի մասնակցությամբ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր հերթին ասել է, որ Մնջախաղի փառատոնը տարեց տարի զարգանում է: «Մնջախաղը, որպես արվեստի ուղղություն, կարևոր է նրանով, որ այն ավելի հասկանալի և հասանելի է ընկալման համար», -ասել է նա` ավելացնելով, որ այս տարի մշակույթի նախարարությունը կրկնապատկել է փառատոնի ֆինանսական աջակցությունը:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ փառատոնը քաղաքի բնակիչների համար արդեն ավանդական է դարձել: «Այս փառատոնը սպասված իրադարձություն է դարձել քաղաքի բնակիչների և հյուրերի համար, շատ տուրիստական օպերատորներ ներառում են փառատոնն իրենց տուրերի մեջ, իսկ քաղաքի հյուրանոցներն այս օրերին լեփ–լեցուն են», - ասել է նա:

Ֆրանսահայ դերասան Վահրամ Զարյանն նկատել է.

«Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցություն փառատոնին։ Ելույթիս ընթացքում կներկայացնեմ իմ վերջին բեմադրություններից երկու հատված, որոնք ներկայացնում են կյանքիս այն ժամանակաշրջանը, որն անցկացրել եմ Հայաստանում: Այստեղ ես ինձ երբեք հյուր չեմ զգում, քանի որ կարիերաս սկսել եմ հենց Հայաստանում»:

Փառատոնի օրերին գործելու է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---