«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը Մխիթարյանի պատվին (վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը Մխիթարյանի պատվին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին փոխել են աշխարհահռչակ անգլիացի երգիչ Սթինգի Englishman In New York երգի բառերը, հայտնում է Tert.am-ը:

Կրկներգում «կարմիր սատնաների» ֆաները երգում են Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian! (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

Օգոստոսի 19-ին 27-ամյա ֆուտբոլիստն «Օլդ Թրաֆորդում» իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու թիմի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել վերջին երկու խաղերի մեկնարկային կազմում: «Ես զգում էի, որ Լինգարդն ու Մատան թիմի համար այդ խաղերում լավագույնը կլինեն, և ես որոշում ընդունեցի` հաշվի առնելով Պրեմիեր Լիգայի իրողությունները։ Այնուամենայնիվ, շարունակում եմ ասել այն, ինչ ասել եմ ավելի վաղ` Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, և նա մեզ այս խաղաշրջանում շատ բան կտա»,-հավելել է նա։

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---