ԶԼՄ-ներ. Ռուսական գազի գինը Մինսկի համար կնվազի գրեթե $32-ով

ԶԼՄ-ներ. Ռուսական գազի գինը Մինսկի համար կնվազի գրեթե $32-ով

PanARMENIAN.Net - Մոսկվան և Մինսկը նախնական հավանություն են տվել ռուսական գազի գնագոյացման նոր սխեմային, որի արդյունքում Բելառուսի համար ռուսական գազի գինը կնվազի մեկ երրորդով` 132 դոլարի փոխարեն դառնալով 100 դոլար 1000 խմ գազի դիմաց: Այդ մասին գրում է «Կոմերսանտը» իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Այժմ Բելառուսի համար գազի գինը որոշվում է դոլարով` հաշվի առնելով գազի գինը Յամալում, դրա տեղափոխումը Բելառուս, պահեստավորումն ու իրացումը տեղի շուկայում: Նոր բանաձևով նախատեսվում է գնագոյացումը կատարել ռուբլիով, ինչը նվազեցնում է Մինսկի համար դոլարի փոխարժեքի տատանման հետ կապված ռիսկերը:

2017-ից գազի գինը Բելառուսի համար ձևավորվելու է ՌԴ գազամատակարարման միասնական համակարգի միջին գնով` բազմապատկած աճող գործակցի վրա: 2017-ին գազի միջին գինը որոշված է 1000 խմ դիմաց 4,05 ռուբլու սահմանում: Հաշվի առնելով աճող 1,4 գործակիցը` Մինսկը գազը կգնի 6000 ռուբլով 1000 խմ գազի դիմաց: Մինչև 2016-ի ավարտը կգործի ֆիքսված գին` 6,3 հազար ռուբլի 1000 խմ գազի դիմաց:

Բացի այդ, Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են մինչև 2025թ. աստիճանաբար նվազեցնել գործակիցը մինչև 1-ը: Քանի որ նախատեսվում է, որ 2025-ին ԵՏՄ երկրները կունենան գազի միասնական շուկա, Մինսկը գազը կգնի միջինը նույն գնով, ինչ սպառողը Ռուսաստանում:

Եթե պայմանավորվածությունը հաստատվի, Բելառուսը կմարի իր պարտքը «Գազպրոմին» հին գնով, իսկ ՌԴ-ն ամբողջապես կվերականգնի նավթի առաքումները: Հիմնական խոչընդոտը նոր համաձայնագրի կիրառման ժամկետն է` Մինսկը պնդում է, որ դա պետք է լինի հուլիսի 1-ը, իսկ Մոսկվան` օգոստոսի 1-ը: Գազի համար պարտքը առաջին կիսամյակում կազմում է մոտ 300 մլն դոլար:

Հունիսի 8-ին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարեց, որ Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են գազի նոր գնի մասին: Այդ օրը տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը, սակայն գազի մասին խոսք չգնաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---