Նախարար. 4-րդ և 9-րդ դասարաններում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը

Նախարար.  4-րդ և 9-րդ դասարաններում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում: Նա նշել է, որ գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:

«Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով: Սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել»,-ասել է կրթության նախարարը:

Ավելի վաղ նախարարն արդեն հայտարարել էր, որ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտին 3 պարտադիր ուսումնական առարկա ընտրելու հնարավորություն կտրվի, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի կներդրվի:

«Այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասել է նախարարը:

Նախարարը նշել է նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---