ՌԴ-ն վերսկսում է չարթերային թռիչքները դեպի Թուրքիա

ՌԴ-ն վերսկսում է չարթերային թռիչքները դեպի Թուրքիա

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է դեպի Թուրքիա չարթերային ավիափոխադրումների արգելքը չեղարկող որոշումը: Հանձնարարվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` ավիացիոն անվտանգության ապահովման ուղղությամբ:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ ՌԴ ավիացիոն իշխանությունները պատրաստ են պայմաններ ապահովել չարթերային թռիչքների իրականացման համար, ներառյալ անհրաժեշտ թույլտվության տրամադրումը:

Առաջին թռիչքները կարող են իրականացվել արդեն օգոստոսի 29-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի տրանսպորտի գծով փոխնախագահ Դմիտրի Գորինը:

«Արգելքը հանված է»,-ասել է նա` հավելելով, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Թուրքիան ավանդաբար պահանջված ուղղություն է ռուսաստանցիների շրջանում:

ՌԴ Պետդումայի տրանսպորտի կոմիտեի փոխղեկավար Ալեքսանդր Ստարովոյտովը կարծում է, որ բարդ չի լինի վերադառնալ չարթերային թռիչքների իրականացմանը` հավելելով, որ դա կավելացնի զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա համապատասխանաբար նվազեցնելով հոսքը Ղրիմի և Սոչիի ուղղությամբ: Նա նշել է, որ դա վշտացնում է նրան, քանի որ գումարները տանում է ռուսական հանգստավայրերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 22-ից վերսկսվել են Ռսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթները: Այդ մասին հայտարարել էր «Ռոսավիացիան»: «Քանի որ թուրքական կողմը երաշխիքներ է տրամադրել ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված խստացված միջոցների կիրառման վերաբերյալ, 20162. հուլիսի 22-ից սկսած կանոնավոր չվերթների իրականացման նախկինում գործող բոլոր սահմանափակումները չեղարկվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

Դեպի Թուրքիա ավիաչվերթների ժամանակավոր արգելք էր սահմանվել հուլիսի 16-ին` Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց դուրս բերել ՌԴ քաղաքացիներին այդ երկրից: Չարթերային հաղորդակցությունը ՌԴ և Թուրքիայի միջև կայացվել էր 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ինքնաթիռը Սիրիայի երկնքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---