Մերկելը «չափազանց շահագրգռված է», որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեն

Մերկելը «չափազանց շահագրգռված է», որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեն

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չափազանց շահագրգռված է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն` նշելով, որ դա կապված է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ, հայտնում է Deutsche Welle-ն:

Օգոստոսի 29-ին ելույթ ունենալով Շվերինում Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը` Մերկելը խստիվ քննադատել է Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում: Նա շեշտել է, որ ոչ ոքի չի թույլատրվում անպատիժ վերաձևել սահմանները Եվրոպայում:

Մերկելը նշել է, որ ապշած էր, երբ առաջին ռուսական տանկը հատեց Ուկրաինայի սահմանը: «Այսօր խոսքը ոչ թե մեկ, այլ բազում ու բազում տանկերի մասին է»,-ասել է Գերմանիայի կանցլերը:

Ըստ նրա, քանի որ ՌԴ-ն սատարում է անջատողականներին, Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ պատժամիջոցների չեղարկումը բխում է ինչպես ՌԴ, այնպես էլ Գերմանիայի շահերից: «Ես չափազանց շահագրգռված եմ, որ պատժամիջոցները չեղարկվեն»,-ասել է նա` հավելելով, որ «այն պահին, երբ առաջընթաց լինի Մինսկի համաձայնությունների կատարման գործում, պատժամիջոցները կթուլացվեն»,-ասել է կանցլերը:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ պատժամիջոցներից հրաժարվելու ժամանակը դեռ չի եկել:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---