Նախարար. Ավագ դպրոցները գերազանցության կենտրոններ պետք է դառնան

Նախարար. Ավագ դպրոցները գերազանցության կենտրոններ պետք է դառնան

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:

Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց դպրոցից դեպի բուհ անցման ձևաչափի: «Մենք այսօր հանրապետությունում ունենք հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ: Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանացության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միևնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ և 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է:

Ավելի վաղ նախարարն արդեն հայտարարել էր, որ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտին 3 պարտադիր ուսումնական առարկա ընտրելու հնարավորություն կտրվի, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի կներդրվի:

Նախարարի խոսքով՝ հետագայում կարող է 12-րդ դասարանն ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու, հավաքած կրեդիտների հաշվին, բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել. օրինակ՝ անգլոսաքսոնական երկրներում անցումը հանրակրթությունից դեպի բուհ կատարվում է միջազգային բակալավրիատի համակարգի մոդելով, որը Հայաստանի մի քանի դպրոցում ևս տեղակայված է, երկրորդն անգլիական A Levelծրագիրն է, որը ենթադրում է Ա մակարդակի կրեդիտների կուտակմամբ ավագ դպրոցից անցում կատարել բուհ: Երրորդն ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաև Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում և ենթադրում է ձևավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գիտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:

«Անկախ մոդելի ընտրությունից ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ և մենք զուգահեռաբար հատկապես գյուղական վայրերում պահպանեցինք նաև միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է: Միաժամանակ նաև պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք, իբրև պետություն և կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել:

Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ՝ նույն հարթության վրա: Մենք այսօր կանգնած ենք դպրոցների անձնագրավորման անհրաժեշտության առջև: Մեր բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաև պետք է տարանջատվի ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի գործառույթները, որպեսզի կարողանանք զարգացում ապահովել»-իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը:

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում: Նա նշել է, որ գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:

«Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով: Սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել»,-ասել է կրթության նախարարը:

Ընթերցեք նաև. Մկրտչյան. Առարկաներից առաջնահերթ պետք է լինեն ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---