Երևանում սարոյանական ընթերցումներ կանցնեն (վիդեո)

Երևանում սարոյանական ընթերցումներ կանցնեն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին լրանում է հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 108-րդ տարին: Այդ կապակցությամբ Երևանի Թումանյանի անվան այգում 17:00-20:00-ն տեղի կունենան սարոյանական ընթերցումներ: Երեկոյի մասնակիցները կկարողանան նոր տեսակետից անդրադառնալ գրողի կյանքին, ստեղծագործությանն ու կերպարին:

Միջոցառման շրջանակում «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը կազմակերպում է առցանց ընթերցումներ տարբեր երկրներից ընթերցողների մասնակցությամբ: Կազմակերպվում է նաև նկարների մրցույթ, կինոցուցադրություն, տարբեր անակնկալներ: Նշվում է, որ այցելուները կկարողանան ճաշակել Սարոյանի նախընտրած ուտեստները:

Ամերիկահայ գրող և դրամատուրգ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, որն արժանացել է նաև «Օսկարի» «Մարդկային կատակերգություն» սցենարի համար, Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում` հայ գաղթականների ընտանիքում:

Վիլյամ Սարոյանն այն հարցին, թե ժամանակակից գրողներից ում է առավել շատ սիրում, անկեղծ պատասխանել է. «Ինձ»:

Սարոյանը լայն ճանաչում ձեռք բերեց «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով:

1939-ին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիտցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Վիլյամ Սարոյանի որդին` Արամը, հոր մահից հետո հրատարակված հուշերում գրել է. «Իրականում նա շատ ամաչկոտ և ինքնամփոփ մարդ էր, հակառակ իր իմիջին հանրային կյանքում»:

Սարոյանը հայտնի էր որպես ամերիկյան գրականության «անկարգապահ հանճար»: Նա չէր ենթարկվում գրական կանոններին և նույնիսկ երազում էր առանց բառերի պիես գրել, որը կգովերգեր լռությունը, բայց նվիրված կլիներ մարդուն:

Որպես դրամատուրգ Սարոյանը հայտնի դարձավ «Սիրտը լեռներում» (My Heart’s in the Highlands, 1939) պիեսով: «Թեև անգլերեն եմ գրում,բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ» ,- գրել է Սարոյանը:

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

2002-ի ապրիլին Սթենֆորդի համալսարանի մասնագետ Մայքլ Քելլերը հայտարարեց, որ Վիլյամ Սարոյանի թանգարանը համանուն մրցանակ է սահմանում, որն, ըստ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Սեդրակյանի, գրողի երազանքն է եղել: Ամեն տարի այդ մրցանակին 2 գործ է արժանանում, որից մեկը պետք է արտացոլի իրական կյանքը, մյուսը` երևակայական:

Ավելի վաղ համացանցում հայտնվեց Մեգ Ռայանի «Իտակա» ֆիլմի թրեյլերը, որը նա նկարահանել է Վիլյամ Սարոյանի 1942-ին գրված «Մարդկային կատակերգություն» (The Human Comedy) վեպի հիման վրա: Ֆիլմի գործողությունը, ինչպես և սարոյանական «Մարդկային կատակերգությունում», ծավալվում է 1942-ին, Կալիֆորնիայի փոքր քաղաքներից մեկում՝ Իտակայում: Սյուժեի կենտրոնում 14-ամյա Հոմերոս Մաքոլիի պատմությունն է, ում ավագ եղբայրը գնացել է պատերազմ, կրտսեր եղբորը խրատելով հոգ տանել այրի մոր, ավագ քրոջ ու 4-ամյա եղբոր՝ Ուլիսի մասին: Այժմ Հոմերոսը Իտակայի փոստատարն է:

«Իտական» հասարակ, բայց խաբուսիկ պատմություն է: Այն լիրիկական ու ռոմանտիկ է, ժամանակ առ ժամանակ զարմանալիորեն ոչ սենտիմենտալ, որը, այնուամենայնիվ, ցինիզմից հեռու է: Անչափ ուրախ եմ, որ հենց ես եմ էկրանավորելու այս զգացմունքայի ու գրավող պատմությունը»,- նախագծի մասին ասել է Մեգ Ռայանը:

Ընթերցեք նաև. Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---