«Հարի Փոթերում» նկարահանված դերասանը` «Գահերի խաղի» նոր եթերաշրջանում

«Հարի Փոթերում» նկարահանված դերասանը` «Գահերի խաղի» նոր եթերաշրջանում

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Ջիմ Բրոդբենտը, որը հայտնի է «Այրիսով» և Հարի Փոթերի մասին ֆիլմաշարով, միացել է «Գահերի խաղը» սերիալի թիմին: Նա կհայտնվի 7-րդ եթերաշրջանում, սակայն հայտնի չէ, թե ինչ դերով, գրում է Lenta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով:

Նշվում է միայն, որ Բրոդբենտի մասնակցությունը զգալի կլինի:

Բրոդբենտն իր կարիերայի միակ «Օսկարին» արժանացել է Ջոն Բեյլիի դերակատարման համար «Այրիս» դրամայում: Նա նկարահանվել է նաև «Մուլեն Ռուժ», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Երիտասարդ Վիկտորիան», «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմերում:

Ինչպես նշում է պարբերականը, «Գահերի խաղի» դերասանների ընտրությունը դեռ շարունակվում է: Բրոդբենտը, որը Փոթերի մասին ֆիլմերում կատարել է Հորացիո Սլիզնորթի դերը, առաջին դերասանը չէ այդ կինոպատումից, որը միացել է «Գահերի խաղին»: Սերիալում արդեն նկարահանվում են «Հարի Փոթերից» Նատալիա Տենան, Դևիդ Բրեդլին և Քիարան Հինդսը:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---