Քաղաքագետ. Կշարունակեմ քննադատել ՌԴ քաղաքականությունը, եթե փորձ արվի ԼՂ անվտանգության դեմ քայլ կատարել

Քաղաքագետ. Կշարունակեմ քննադատել ՌԴ քաղաքականությունը, եթե փորձ արվի ԼՂ անվտանգության դեմ քայլ կատարել

PanARMENIAN.Net - Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է ՌԴ-ի կողմից իր մուտքն արգելելու որոշմանը: Նա նախ ներկայացրել է իր կենսագրությունը և նշել, որ ինքը մշտապես բաց և թափանցիկ գործունեություն է ծավալել, հայտնում է Tert.am-ը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան և ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով։ Նրա խոսքով՝ այդ օրենքը հիմնականում վերաբերում է խախտումներ կատարելուն և միայն մեկ կետ կա, որը, ըստ քաղաքագետի, հնարավոր է, որ վերաբերի իրեն։ Ստեփան Գրիգորյանը նաև նշել է, որ այդ օրենքով սահմանափակվում է այն գործիչների մուտքը ՌԴ, որոնք համագործակցում են այնպիսիի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի են:

Քաղաքագետը նշել է, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր, սակայն մինչև 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է ՀԿ-ի վրա և նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։

«ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց, Ռուսաստանի կողմից արձագանք դեռ չեմ լսել»,-ասել է նա և նշել, որ խորհրդակցել է Հայաստանում իրավաբանների հետ և իր իրավունքները կպաշտպանի միջազգային կառույցներում:

«Ես հավաստիացնում եմ, որ կշարունակեմ իմ աշխատանքը ու կշարունակեմ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Լեռնայի Ղարաբաղի անվտանգության դեմ քայլ կատարել, ոչ մեկ ինձ այդ դեպքում չի կարող կանգնեցնել»- ասել է նա:

Ստեփան Գրիգորյանը, հղում կատարելով փոխադարձության սկզբունքին, ասել է, որ եթե Ռուսաստանը պատասխան չտա, կամ անհեթեթ պատասխան տա, ապա անհրաժեշտ է, որպեսզի համաձայն այդ սկզբունքի, Հայաստանն էլ ՌԴ որևէ հայտնի փորձագետի մուտքն արգելի Հայաստան: Նա նշել է, որ Հայաստանում փոխնախարարի մակարդակով զբաղվում են այդ խնդրով, չնայած չգիտի, թե ինչ են մտածում անել:

«Ես իշխանություններին դիմում եմ մեծ խնդրանքով՝ ճշտել սև ցուցակներ Ռուսաստանում կա՞, թե՞ ոչ»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հենց իր մուտքն են արգելել ՌԴ, հաշվի առնելով, որ Հայաստանում իրենից բացի կան այլ փորձագետներ ևս, ովքեր քննադատում են ՌԴ վարած քաղաքականությունը`նա ասել է, որ գուցե դա պայմանավորված է նրանով, որ հենց այդ պահին ինքն է փորձել գնալ այնտեղ և հարմար պահ էր արգելելու համար:

Որպես երկրորդ պատճառ քաղաքագետը հնարավոր է համարում նաև այն, որ իրենց կազմակերպութան վերլուծությունները տարածում են տասը հազար հասցեներով, ինչն ակնհայտ Ռուսաստանին դուր չի գալիս:

Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: Նույն օրը Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---