ԱԳՆ-ն զբաղվում է ՌԴ-ից հայ քաղաքագետի վտարման հարցով

ԱԳՆ-ն զբաղվում է ՌԴ-ից հայ քաղաքագետի վտարման հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է հայ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը:

«ԱԳՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ այն պահից, երբ դա տեղի է ունեցել, ինչ վերաբերում է արդյունքներին, ապա կներկայացնենք, երբ դրանք լինեն»,-ասել է Քոչարյանը: Ընդ որում, նա ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե կա արդյոք այդտեղ քաղաքական ենթատեքստ:

«Այս ամենը ոչ մի կապ չունի ինձ հետ, քանի որ ես վերջին 20 տարում գործունեություն չեմ ծավալել Ռուսաստանում: Իմ դեպքում կարևոր էր սույն օրենքի միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ ՌԴ տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցող օտարերկրյա քաղաքացիների վտարում»,-գրել էր քաղաքագետը:

Նույն օրը` օգոստոսի 30-ին Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---