Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումն ավարտական փուլում է

Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումն ավարտական փուլում է

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը և արդյունքները:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաև արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ ավարտվել է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման և սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար և հանձնարարել պատասխանատուներին հետևողական լինել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում իրականացնելու հարցում:

Կառավարությունում նաև տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները և հետագա քայլերը:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման և Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---