Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը` Շոտլանդիայի Tramway's Unlimited փառատոնին

Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը` Շոտլանդիայի Tramway's Unlimited փառատոնին

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում Հայաստանում բեմադրված Hiraeth ներառական բեմադրությունը կներկայացվի Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին:

Սեպտեմբերի 15-ից 25-ը Գլազգոույում ներկայացվելու են հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները` թատերական արվեստից մինչև վիզուալ արվեստ և ցուցահանդեսներ: Hiraeth ներառական բեմադրությունը փառատոնին կներկայացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին:

Hiraeth ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի արվեստագետ Ջեմայմա Հոադլին, ով աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ:

Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նելսենը և կատարողական արվեստի խորհրդատու Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտությունը գրել է Վարդան Հարությունյանը:

Ներկայացումը պատմում է հայ ժողովրդի անցած դժվարին ուղու, կորցրած հայրենիքի կարոտի ու նոր երկրում սեփական ինքնության վերագտնման ճիգերի մասին: Hiraeth-ն ուելսերեն բառ է, որն արտահայտում է հայրենիքի կարոտի գաղափարը:

Hiraeth-ը բեմադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015-ին: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013-ին նախաձեռնել է «Պար` առանց սահմանների» ծրագիրը` նպատակ ունենալով Հայաստանում հիմնադրել առաջին ներառական պրոֆեսիոնալ թատերախումբը: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց տեղի ունեցավ առաջին «Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան:

«Պար` առանց սահմանների» ծրագրի առաջնայնություններից է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը և բարձրացնել նրանց ինքնավստահությունն արվեստի միջոցով և հնարավորություն տալ իրագործել իրենց ներուժը:

Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---