ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստ՝ Երևանում. Քննարկվել են մարդասիրական օգնության հարցեր

ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստ՝  Երևանում. Քննարկվել են մարդասիրական օգնության հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները:

Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը:

ԱԻ փոխնախարար Համլետ Հակոբյանը պետական պահուստի կառավարման բնագավառի ձեռքբերումներից կարևորեց մարդասիրական օգնության նպատակով հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի գործարկումը Հայաստանում:

ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Շահինյանը` որպես խորհրդատվական խորհրդի նախագահ, հանդես է եկել 2016-ի գործունեության հաշվետվությամբ:

Անցած ժամանակահատվածում խորհրդի կողմից որոշումներ են ընդունվել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես, 2015-2016թթ. ՌԴ նյութական ռեզերվներից մարդասիրական օգնություն է տրամադրվել Ղրղզստանում և Տաջիկստանում բնական աղետներից տուժած քաղաքացիներին: Անհետաձգելի աշխատանքների և աղետի հետևանքների վերացման համար Բելառուսի պետական ռեզերվներից նյութական օգնություն է տրամադրվել Ղրղզստանին:

Տաջիկստանում բնական աղետի հետևանքների վերացման համար 2016 թ. Ղազախստանի պետական ռեզերվից տրամադրվել է 640 տոննա սննդամթերք, ինչպես նաև 100.000 լիտր յուղ, կաթնային և մսի 220.000 պահածո: Դրա հետ մեկտեղ Ղազախստանի կառավարությունը որոշել է պետական պահուստից տրամադրել 52.788 անուն անկողնային, սպասքի, վրանային և այլ պարագաներ` Ղրղզստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներին տրամադրելու համար:

Իրականացվել են նաև միջոցառումներ պետական ռեզերվի պահպանության համակարգի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ: Շարունակվում են ընդհանուր տեղեկատվական բազայի ձևավորման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ պետական կարիքների համար անհրաժեշտ նյութական արժեքների ստեղծման ու պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Շահինյանը նշել է, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի օրինակով անհրաժեշտ է նման ռեսուրսներ ստեղծել նաև ԱՊՀ անդամ մյուս երկրներում:

Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ անդամ երկրների` պետական պահուստի բնագավառում ներքին օրենսդրական ակտերի ներդաշնակեցման, ինչպես նաև պետռեզերվների երկարաժամկետ պահպանման հետ կապված հարցերի առնչությամբ:

Նիստի ավարտին ԱՊՀ պատվիրակները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան կենտրոնի առաքելությանն ու տեխնիկական հնարավորություններին:

ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստը կշարունակվի նաև սեպտեմբերի 16-ին` Ծաղկաձորում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---