Մայիսի 9-ին Հայաստանում նշում են Հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրման օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի օրն ու Երկրապահի օրը: Տոների կապակցությամբ քաղաքում մի շարք միջոցառումներ կանցնեն: Մասնավորապես, ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ծաղկեպսակներ կդրվեն «Եռաբլուրում» եւ Հաղթանակի զբոսայգում, այցելություններ կլինեն «Մայր-Հայաստան» թանգարան: Ռազմի դաշտում զոհվածների հիշատակը կհարգեն լռության րոպեով, ինչից հետո կկայանա զինվորական շքերթ: Հանրապետության հրապարակում տոնական համերգ է կայանալու, որը կավարտվի հրավառությամբ:



Մայիսի 9-ը Հայաստանում եւ Ղարաբաղում ոչ միայն Մեծ հայրենական պատրեազմի հաղթանակի օրն է, այլեւ Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օրը: Այդ օրը Ստեփանակերտի Վերածնության հրապարակում կայանալու է ԼՂՀ Պաշտպանության բանակի զորքերի հանդիսավոր շքերթը: Ապա, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած հայկական պատվիրակությունը, ԼՂՀ ղեկավարությունը` նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, կայցելեն Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնեն զոհված մարտիկներին նվիրված հուշարձանին: Շուշիի մոտ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրվելու տանկ-հուշարձանի մոտ, որն առաջինն էր մտել Շուշի:

Շուշիում ծաղիկներ են դրվելու հրամանատար, Հայաստանի մահացած վարչապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:



Բացի այդ, Շուշիում կայանալու է Արհեստների կենտրոնի բացում, կազմակերպվելու է «Շուշին երեխաների աչքերով» ցուցահանդես եւ այցելություն Ղազանչեցող եկեղեցի: «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը Շուշիում մի շարք միջոցառումներ է անցկացնելու, մասնավորապես` քաղաքային կինոթատրոնի բացում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացում: Շուշիի բերդի պատին վիդեոնյութեր են ցուցադրվելու Շուշիի վերածնունդ հիմնադրամի գլխավոր ծրագրի, զինանշանի եւ ծրագրերի մասին: Երեկոյան կայանալու է ընդունելություն Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի մոտ, ապա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանցնի մեծ տոնական համերգ տեղական եւ հրավիրված արտիստների մասնակցությամբ, ինչպես նաեւ տոնական հրավառություն է լինելու:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---