ԳՈւՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային են. Միսը հակասանիտարական պայմաններում է պահվում

ԳՈւՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային են. Միսը հակասանիտարական պայմաններում է պահվում

PanARMENIAN.Net - Երևանի ԳՈՒՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային գոտում են և այնտեղ վաճառվող միսը վտանգ է ներկայացնում սպառողների առողջության համար:

Այս արդյունքը ներկայացրել է Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնը` 50-ից ավելի տաղավարում սեպտեմբեր ամսին իրականացրած ուսումնասիրության արդյունքում:

Կենտրոնը գործում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմում:

«Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաև լվացվող և ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին»,- տեղեկացվում է կենտրոնի հաղորդագրությունում:

Իրացման կետերից 20-ում կա սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաև սառնարանից դուրս, հաճախ` սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա: Ըստ կենտրոնի` հաճախ սառնարանները ձևական բնույթ են կրում և միացված չեն: Նշված կետերում ևս ռիսկի մակարդակը բարձր է և չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, դրա համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռնախցիկներով: Ավելին, անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա հաճախ չկա անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը:

Մթերքի որակի և անվտանգության խախտումներից բացի ուսումնասիրությունը հայտնաբերել է նաև էխինոկոկոզ հիվանդության տարածման ռիսկ:

Ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ, և արձանագրվել է բացասական միտում. բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են:

Մինչև լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը և նշված թերությունների վերացումը՝ կենտրոնը սպառողներին հորդորում է զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի և սպանդային մթերքների ձեռքբերումից, միս և մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը, և ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---