ՌԴ-ն Ադրբեջանում քաղաքացիական ուղղաթիռների նորոգման կենտրոն կբացի

ՌԴ-ն Ադրբեջանում քաղաքացիական ուղղաթիռների նորոգման կենտրոն կբացի

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն (MOEX:VERR) և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կբացեն:

Համաձայնագիրն այդ մասին կողմերը ստորագրել են Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմատեխնիկայի ցուցահանդեսի շրջանակում, ասվում է «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի հաղորդագրության մեջ:

Բաքվում ընթացող ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրում է մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները:

«Ադրբեջանն ԱՊՀ-ում ռուսական ուղղաթիռներ շահագործող առանցքային երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը»,-ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի հետվաճառքային սպասարկման գծով տեղակալ Իգոր Չեչիկովը:

Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանում նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ:

«Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքում են»,-ասել է Չեչիկովը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մասնագետները մտադիր են բանակցել ուղղաթիռների ավանդական և պոտենցիալ պատվիրատուների հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր ստորագրել, որոնք թույլ կտան զգալիորեն ընդլայնել գործակցությունը Ադրբեջանի գերատեսչությունների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---