ՏԿՆ. Բոլորը տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում

ՏԿՆ. Բոլորը տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում

PanARMENIAN.Net - Բոլորը տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նախարարությունում տեղի ունեցած լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՏԿՆ հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստում։

«Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների»,- ասել է նախարարը՝կարևորելով նիստի ընթացքում բարձրացված հարցերը և շեշտելով, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների և շարունակական վերլուծության կարիք ունեն:

Նիստի աշխատանքներին մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկմանը հրավիրված էին նաև «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և տեսակետները:

Քննարկման ընթացքում առաջարկություններով են հանդես եկել «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք։

Ներկայացված առաջարկությունները վերաբերել են առցանց (օնլայն) տաքսի ծառայության պատվերներ իրականացնող կազմակերպությունների և նրանց ծառայություններից օգտվող սուբյեկտների կարգավիճակի հստակեցմանը, տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին:

Նախարարը նշել է, որ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում ձևավորված առաջարկությունները քննարկվելուց և մշակվելուց հետո կներառվեն օրենսդրական փոփոխությունների փաթեթում:

Նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ նիստերի և աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:

Երևանում հուլիսի 1-ից սկսել է աշխատել Yandex.Taxi ծառայությունը: Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ կայքի միջոցով։Մեքենայի ժամանմանը կարելի է հետևել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով։ Ծառայության համար դեռևս կարելի է վճարել միայն կանխիկ։ Ուղևորության առաջին 1 կիլոմետրը արժե 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---