ՎԶԵԲ-ը ՀՀ-ում ավելի քան 9.000 տնային տնտեսության է աջակցել վերջին 3 տարում

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում ավելի քան 9.000 տնային տնտեսության է աջակցել վերջին 3 տարում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում վերջին երեք տարիներին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագիրը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 9,000 տնային տնտեսությանը և 17 ընկերությանը՝ տրամադրելով 15 մլն եվրոյի չափով վարկեր՝ նախատեսված կովկասյան տարածաշրջանում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար:

Սա հնարավորություն է տվել հաճախորդներին խնայել տարեկան մոտ 128 ԳՎտժ էներգիա, ինչը հավասարազոր է մոտ 10,000 տնային տնտեսությունների տարեկան էներգիայի պահանջին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար:

Միջոցառումն անցկացվել է EU4Energy թեմայի ներքո՝ Եվրոպական միության Էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Ֆորումն արդյունավետ հարթակ ծառայեց հիմնական շահակից կողմերի ու Հայաստանում գործող բիզնեսների համար՝ քննարկելու էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու ֆինանսավորման հնարավորություններն ու շահավետությունը:

Միջոցառմանը ներկա էին Էներգոկրեդիտ ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ ՎԶԵԲ-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՀՀ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր բանկերի, բիզնեսների և հանրային կառույցների ղեկավար աշխատակիցներ:

Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ծրագիրն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նպատակներից մեկը Հայաստանում և այլ երկրներում կայուն և մրցունակ տնտեսություն կառուցելն է»,-նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:

«Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու ԵՄ-ի հանձնառության հիմքում են: Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի խթանիչներ էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար, և Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին` ապահովելու համար Հայաստանի կողմից արդյունավետ և անկախ կերպով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը», - նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Կորպորատիվ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում գործընկեր բանկերի ու ֆինանսական հաստատությունների օժանդակությամբ, ինչպիսիք են՝ HSBC Հայաստանը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ԱԿԲԱ լիզինգը, Ինեկոբանկը, ՍԵՖ Ինտերնեյշնլը և ԱրմՍվիսԲանկը:

Էներգոկրեդիտը տրամադրում է նաև վարկեր անհատնեին՝ բնակարաններում էներգաարդյունավետ վերանորոգում կատարելու և էներգախնայող սարքավորումներ գնելու համար՝ ջեռուցման, օդորակման և էներգիայի օգտագործման ծախսերը նվազեցնելու նպատակով: Այս ներդրումն օգնում է տնային տնտեսություններին նվազեցնել էներգիայի սպառումը ինչն էլ, իր հերթին, օգնում է խնայել գումար և պահպանել շրջակա միջավայրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---