Աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստները 6 հաղթանակ են տոնել

Աշխարհի պատանեկան առաջնության  7-րդ տուրում հայ շախմատիստները 6 հաղթանակ են տոնել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին տեղի են ունեցել շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարի 7-րդ տուրում 7-րդ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը. նա արդեն 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Եվրոպայի չեմպիոն և այս մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նինո Խոմերիկիին: Այժմ Ղուկասյանը վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաղթել է Իրանը ներկայացնող Մուսավի Խալիլ Սեյեդին: Այժմ Պետրոսյանն ու Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր և ընթանում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Վավուլինը, ով վաստակել է 6 միավոր:

Սեպտեմբերի 30-ին կայանալիք 8-րդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի հենց Վավուլինի դեմ:

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանը ոչ-ոքի Է խաղացել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ և վաստակած 5 միավորով կիսում է 5-12-րդ հորրիզոնականները: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սեմյոն Լոմասովը. նա 7 հնարավորից վաստակել է 7 միավոր:

7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Շանթ Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Քրիստինե Սմբատյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---