«Հայֆեստ»-ի բացումը հոկտեմբերի 1-ին՝ «Յոթ լուսին» ներկայացումով

«Հայֆեստ»-ի բացումը հոկտեմբերի 1-ին՝ «Յոթ լուսին» ներկայացումով

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի1-ին` ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով:

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 250 մասնակցի 20 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից, Լեհաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006-ից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսինը» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ» դրամատիկական թատրոնի «Կարամազով եղբայրները» (Սանկտ Պետերբուրգ), Բեռլինի Մ. Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյան):

Երևանյան թատրոններից` «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» և այլ թատրոններ: Այս տարի «Հայֆեստը» հանդես կգա տարբեր ծրագրերով. ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով:

Փառատոնի ընթացքում կանցկացվի նաև լեհական ծրագիր, որը կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը: Ծրագիրը նախատեսում է նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---