Ասանժը խոստացել է ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների մասին նյութեր հրապարակել WikiLeaks-ում

Ասանժը խոստացել է ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների մասին նյութեր հրապարակել WikiLeaks-ում

PanARMENIAN.Net - Մինչև նոյեմբերի 8-ը, երբ նախանշված են ԱՄՆ նախագահի ընտրությունները, WikiLeaks-ում նյութեր կհրապարակվեն ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում հեռուստակամրջի ժամանակ, որը նվիրված էր WikiLeaks-ի ստեղծման 10-ամյակին:

Մինչև տարեվերջ նախատեսվում է հրապարակել մոտ 1 մլն փաստաթուղթ, որոնք «վճռորոշ ազդեցություն կունենան ակտուալ իրադարձությունների վրա», հավաստիացրել է Ասանժը: Ըստ նրա, տեղեկություններն առնչվում են 3 հզոր կազմակերպության, որոնք գործում են տարբեր երկրներում, և խոսք է գնալու մասնավորապես ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին, հայտնում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ Ասանժը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե հրապարակման նպատակը լինելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վնասելը: Ըստ նրա, իր խոսքերը սխալ են մեկնաբանել:

WikiLeaks-ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը հրապարակում է գաղտնի տեղեկություններ, որոնք ստանում է իր աղբյուրներից կամ արտահոսքի հետևանքով: Կայքը գործում է 2006-ից, ստեղծվել է Sunshine Press կազմակերպության կողմից, որը հայտարարել է, որ 1,2 մլն փաստաթուղթ ունի իր տրամադրության տակ: Կայքի հիմնադիրը, գլխավոր խմբագիրն ու տնօրեն ավստրալացի լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---