ՀՎԿ-ն Վանաձորում Մարուքյանի թեկնածությունը կպաշտպանի. ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ

ՀՎԿ-ն Վանաձորում Մարուքյանի թեկնածությունը կպաշտպանի. ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ

PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

Այդ մասին է ասվում «Հայկական վերածնունդի» տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ որոշումը կայացվել է «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանին և կուսակցության Վանաձորի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին հանդիպելուց հետո: Քննարկվել են նաև երկարաժամկետ համագործակցության հարցեր:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ կուսակցությունը ևս կպաշտպանի միասնական թեկնածուին, եթե «Լուսավոր Հայաստանն» ու ՀՎԿ-ն համաձայնության գան:

Երեք ուժերի համաձայնության դեպքում ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ Վանաձորում: Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ։ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին ունեն 18 մանդատ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, իր հերթին, հատնել է, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր: Այն կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա:

Վանաձորում քաղաքային իշխանությունների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։ Այստեղ մրցում էր 8 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---