ՀՀ-ում գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները քննարկվում են եռօրյա գիտաժողովում

ՀՀ-ում գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները քննարկվում են եռօրյա գիտաժողովում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովի մասնակիցներն են Եվրասիական Մաքսային միության երկրների ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվելու են գործնական և կիրառական ծրագրեր:

Հոկտեմբերի 12-13-ին գիտաժողովի շրջանակներում արտադրական ձեռնարկություններում կկայանան արտագնա քննարկումներ և գործնական միջոցառումներ:

Բացման արարողությանը ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովի մասնակից մասնագետներն իրենց ներդրումը կունենան շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում, քննարկվելիք հարցերն էլ օգտակար կլինեն ՀՀ բնապահպանության համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Ավագյանը որպես բժիշկ խորհուրդ է տվել բնապահպանական խնդիրների համատեքստում ուշադրություն դարձնել նաև բժշական թափոնների վերամշակման խնդիրներին, քանի որ մեր երկրում այդ խնդիրը կա:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը նշել է, որ գիտաժողովը և արտադրական ձեռնարկություններում կայանալիք քննարկումները կնպեաստեն տնտեսական, գործնական և գիտական եղանակների կենտրոնացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի արտանետումների երկրորդային օգտագործման, վերամշակման նոր ուղիների ընտրմանը և փորձնական կիրարկման տեխնոլոգիաների ներդրմանը։ Դավթյանն ընդգծեց, որ մաքուր օդը, մաքուր ջուրը բարեկեցության կարևոր աղբյուր են, և նման քննարկումները նպաստում են մեր բարեկեցության բարձրացմանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը լուրջ նշանակություն կունենա մեր հանրապետությունում վառելիքային տնտեսության և բնապահպանական խնդիրների լուծմանը։ Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեցին զեկույցները և քննարկումները:

Գիտական համաժողովի հիմնական աջակիցն է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն: Կազմակերպիչների թվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---