Գնահատվել ու վերլուծվել են Երևանի վարչական շրջանների 9 ամսվա աշխատանքները

Գնահատվել ու վերլուծվել են Երևանի վարչական շրջանների 9 ամսվա աշխատանքները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատանքների 2016թ. անցած 9 ամսվա, սեպտեմբեր ամսվա և երրորդ եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը` Ավան, իսկ երրորդ հորիզոնականը Դավթաշեն վարչական շրջանը: Սեպտեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում երրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները: 2016թ. երրորդ եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները:

2016թ. անցած 9 ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Ավան վարչական շրջանը: Անցած 9 ամսվաց ամփոփ տվյալներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ կրկին համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանները:

Ամփոփելով ներկայացված արդյունքները` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ գնահատման ու վերլուծության ամփոփիչ արդյունքներով վերջին՝ ամենացածր հորիզոնականները զբաղեցրել են նույն վարչական շրջանները:

«Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Իսկ այն պատկերը, որն արձանագրվել է Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում, նշանակում է, որ թերացումներ կան մի քանի ոլորտներում, ինչի արդյունքում էլ այս երեք վարչական շրջանները մշտապես հայտնվում են վերջին հորիզոնականներում:

Սա անթույլատրելի է: Մենք չպետք է սահմանափակվենք միայն համապատասխան բաժինների աշխատակիցներին նկատողություններ հայտարարելով»,- ընդգծել է քաղաքապետը:

Նրա խոսքով, պատկերն իսկապես մտահոգիչ է և պետք է լրջորեն վերանայել, ընդհուպ նաև ազատել աշխատանքից այն ոլորտների պատասխանատուներին, որտեղ կրկնվում են թերացումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---