Եվրահանձնակատար. Մոսուլի գրավման դեպքում Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել

Եվրահանձնակատար. Մոսուլի գրավման դեպքում Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել

PanARMENIAN.Net - Մոսուլի գրավման հետևանքով Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել, որոնք մեկնել էին ԵՄ-ից ծայրահեղական «Իսլամական պետության» շարքերում կռվելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգը Die Welt-ին տված հարցազրույցում:

«ԻՊ հյուսիսիրաքյան հենակետի` Մոսուլի գրավման արդյունքում բռնության սովոր ԻՊ զինյալները կարող են Եվրոպա վերադառնալ: Դա լուրջ վտանգ է, որին մենք պետք է պատրաստ լինեինք»,-ասել է Քինգը:

Միևնույն ժամանակ եվրահանձնակատարը ջիհադականների զանգվածային ներհոսք չի ակնկալում, գրում է Deutsche Welle-ն:

«Մարտերի գոտում մոտ 2500 գրոհային կա ԵՄ երկրներից: Սակայն նախորդ փորձը, մասնավորապես Աֆղանստանի գծով, վկայում է, որ հետ է վերադառնում միայն նրանց փոքր մասը, մյուսները զոհվում են մարտերում կամ հեռանում են ակտիվ մարտական գործողությունների այլ շրջաններ»,-ասել է նա: Նա հավելել է, սակայն, որ փոքր մասը ևս մեծ վտանգ է պարունակում:

Քինգը քննադատել է վիճակը ԵՄ սահմաններին: «Այժմ շատ հեշտությամբ կարելի է անցնել անձնագրային հսկողությունը կեղծ փաստաթղթերի միջոցով»,-նշել է նա:

Նա նշել է, որ առանձնակի հսկողություն պետք է սահմանել ծննդյան և ամուսնության վկայականների հարցում` այն փաստաթղթերի, որոնց հիման վրա տրվում են անձնագրերը:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---