ՀՀԿ-ական պատգամավոր. ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները կրճատվելու են

ՀՀԿ-ական պատգամավոր. ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները կրճատվելու են

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրային դրույթներում բարեփոխումների սկզբունք կա՝ գնումների գործընթացից մինչև մաքսային-հարկային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացը: Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու ծրագրային ելույթների վրա, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Խոսվում է կրճատումների մասին, օրինակ, կան բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են եւ որեւէ գործառույթ չեն ունեցել: Դրանք պետք է օպտիմալացվեն: Այս խնդիրներին պետք է լուծում տան:

Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին՝ մեկ կենտրոնից: Խոսվում է որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից», - հավելել է Սահակյանը, մեջբերում է Aravot.am-ը:

Սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ է տվել:

Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

Կարապետյանն անդրադարձել է նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվել սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---