Վայոց Ձորից բուժիչ թեյեր ու թուրմեր են արտահանվում ՌԴ. Բանակցում են նաև Գերմանիայի հետ

Վայոց  Ձորից  բուժիչ թեյեր ու թուրմեր են արտահանվում ՌԴ.  Բանակցում են նաև Գերմանիայի հետ

PanARMENIAN.Net - Բնակչության թվով Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով:

Այս կողմերում մի ավանդույթ կա. մանուկ թե ծեր, կին թե տղամարդ՝ անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից ու զբաղմունքից, ամռանը՝ խոտաբույսերի հավաքման սեզոնին, ընտանիքներով բարձրանում են սարերը՝ ուրց, դաղձ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու: Հավաքածը բերում, չորացնում են՝ պատրաստելով բուժիչ թեյեր ու թուրմեր:

«Մենք ուղղակի որոշեցինք այս ավանդույթը հանրայնացնել ու դարձնել ընտանեկան բիզնես թե՛ մեր, թե՛տեղի բնակչության համար՝ հոգի ու սեր ներդնելով այս գործում», - պատմել է թեյի արտադրությամբ զբաղվող «Մեգա Արարատ» ընկերության տնօրեն Գրիգոր Մնացականյանը:

Թեյի արտադրամասը գտնվում է Վայք քաղաքի մերձակայքում՝ լեռան ստորոտին, ու մինչ մենք հասանք տեղ՝ Գրիգորի մոր՝ տիկին Ռուզաննայի պատրաստած լորենու թեյի անուշաբույր հոտը տարածվել էր շուրջբոլորը:

«Հետաքրքրությունը խոտաբույսերի հանդեպ մեր ընտանիքին է փոխանցվել իմ Էմմա տատիկից. նա մասնագիտությամբ կեսնաբան էր, խոտաբույսերի իսկական գիտակ: Հենց նա է ինձ և մեր ընկերության հիմնադիր քեռուս՝ Մխիթար Մաթևոսյանին սովորեցրել յուրքանչյուր խոտաբույսի կիրառությունն ու առանձնահատկությունները»:

2005-ին Գրիգորի քեռու՝ Մխիթար Մաթևոսյանի նախաձեռնությամբ հիմնվել ու իր գործունեությունն է սկսել «ՄԵԳԱ Արարատ» ընկերությունը:

«Սկզբում դժվար էր. ծավալները դեռ փոքր էին, ունեինք ֆինանսական ու շուկայական խնդիրներ: Կարճ ժամանակ անց ընդունեցինք առաջին աշխատակցին: Այժմ աշխատակիցների թիվը հասել է 10-ի, իսկ սեզոնից կախված՝ կարող է գերազանցել երկու տասնյակը», - պատմում է Գրիգորը:

Ներկայումս կազմակերպությունը մթերում է յոթ տեսակի խոտաբույս՝ ուրց դաղձ, երիցուկ, սրոհունդ, լորենի, ալոճ և մասուր՝ որոնց մեխանիկական մշակման ժամանակ, ի դեպ, օգտագործում են նաև Գրիգորի կողմից նախագծված սեփական արտադրության սարքավորումները:

Աշխատում են հիմնականում տեղի բնակչության հետ, սակայն ունեն մատակարարներ նաև այլ մարզերից և Արցախից: Մթերման գինը կախված խոտաբույսի տեսակից ու որակից, բայց Գրիգորի խոսքերով՝ մի հոգին կարող է օրվա ընթացքում հավաքած խոտաբույսերի մթերումից ստանալ 7-ից 13 հազար դրամ:

«Մեգա Արարատ» ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնություն:

«Քանի որ խոտոբույսերի տեղական շուկան փոքր է, հիմնականում Հայաստանում վաճառքով չենք զբաղվում՝ տեղական փոքր արտադրողներին չվնասելու նկատառմամբ: Մենք ի սկզբանե աշխատել ենք հենց արտահանման կազմակերպման ուղղությամբ, և եթե դեպի Ռուսաստան արտահանումը համեմատաբար հեշտ էր, ապա նման ձեռնարկության համար մուտքը Եվրոպական շուկա բավականին բարդ խնդիր էր՝ կապված թե՛ պրոցեսի ծախսատարության, թե՛ ապրանքի իրացումը կազմակերպելու հետ: Անցած տարի աշնանն ինձ զանգահարեց ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Վայք» մասնաճյուղի կառավարիչը` Տիգրան Միրզոյանը, և ասաց, որ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման վերաբերյալ սեմինար է կազմակերպվելու, ծրագիր է լինելու՝ առաջարկելով մասնակցել», - նշում է Գրիգորը:

Այժմ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության` NABU-ի համաֆինանսավորմամբ ձեռնարկության արտադրանքը սերտիֆիկացվել է՝ ծրագրի ընթացքում մասնակցելով Բեռլինում տեղի ունեցած օրգանական արտադրանքի ցուցահանդեսին:

Իսկ մի քանի ամիս առաջ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հրավերով գերմանացի գործարարների պատվիրականություն էր այցելել Հայաստան: Այցի ընթացքում նրանք եկան նաև մեր արտադրամաս, և հիմա բանակցություններ ենք վարում «ՄԵԳԱ Արարատ»-ի արտադրանքը Գերմանիա արտահանելու համար:

«Եթե մինչ այժմ տարեկան 15-20 տոննա թեյ էինք արտադրում, ապա եվրոպական շուկա մուտք գործելուց հետո ծավալները բազմապատկվելու ենք մի քանի անգամ»:

2016-ի հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Օրգանական արտադրանքի սերտիֆիկացման» ծրագրի 2016- 2017թթ. մրցույթը: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ նոյեմբերի 7-ը Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնելդիմում-հայտը, լրացնել և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---