// IP Marketing video - START// IP Marketing video - END

Խորվաթիայում հայկական առածների գիրք է հրապարակվել

Խորվաթիայում  հայկական առածների գիրք է հրապարակվել

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Խորվաթիայում լույս է տեսել «Հայկական առածներ» գիրքը խորվաթերեն լեզվով:

Այն հայկական առածների ժողովածու է և ստեղծվել է երեք երկրի ներկայացուցիչների միասնական աշխատանքի շնորհիվ` Հայաստանի, Ռուսաստանի և Խորվաթիայի: Գիրքը հրատարակվել է Սփլիթ քաղաքում Naklada Bošković հրատարակչության կողմից: Գրքի ստեղծման և հրատարակման գործում մասնակցություն են ունեցել. գրքի ներածության հեղինակ և առածների ընտրանու կազմող Արթուր Բաղդասարովը, խմբագիր Նենադ Պիսկաչը, ռուսերեն և հայերեն լեզվով ներածական հոդվածների հեղինակ Անահիտ Հովնանյանը, սրբագրիչ Միլան Նոսիչը: Գրքի շապիկը զարդարող նկարը պատկանում է հայ հայտնի նկարիչ Տիգրան Հովումյանին:

Հայկական առածներն ու ասացվածքները առաջին անգամ տպագրվել են 1859թ. Թիֆլիսում «Մեղու Հայաստանի» օրաթերթում Գրիգոր Տեր-Հարությունյանի կողմից: Դա առաջին լուրջ փորձն էր լայն ընթերցողին ներկայացնելու հայոց բանահյուսության կարևոր շերտերից մեկը: Զգալի ավանդ ունի հայոց բանահյուսության զարգացման հարցում ակադեմիկոս Արամ Ղանալանյանը (1909 - 1983): Նա հավաքել և գիտական դասակարգում է տվել շուրջ 40.000 առածների և ասացվածքների, որոնք տեղ են գտել «Առածանի» ծողովածույում (1960թ):

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող ժողովածուն կազմված է ներածությունից և երկու մասից:

Առաջին մասում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ: Երկրորդ մասը ներառում է հայկական առածները` հայկական ազգային հագուստի նմուշների նկարների զուգակցմամբ:

Ժողովածուի հիմքում ընկած են ակադեմիկոս Արամ Ղանալանյանի հավաքածուից որոշ առածների հայերենից խորվաթերեն թարգմանությունները, որոնք տպագրվել են 1960 թվականին ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից (այժմ` ՀՀ ԱԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ):

Ժողովածուի մեջ այբբենական կարգով տեղադրված 300 առավել բնորոշ և օգտագոծվող առածները հնարավորություն են տալիս խորվաթ ընթերցողին ընդհանուր պատկերացում կազմել հայկական բանահյուսության հարուստ ժանրերից մեկի վերաբերյալ:

 Ուշագրավ
Վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ
Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում
Ընկերությունը չի շարունակի աշխատանքը «Գոռ» ֆիլմի վրա, որտեղ Սփեյսին նույնպես հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր
«Մանյունյան» հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը, որն, ինչպես և գրողը, ծնունդով Բերդից է